Jump to content

Ռուբեն Բաբայան

Վիքիքաղվածք-ից

Ռուբեն Բաբայան (հունվարի 20, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Յուրաքանչյուրն իր ձևով է ընկալում, թե ինչ է նշանակում քաղաքացիական պարտք: Հաճախ մենք քաղաքացիական պարտքը շփոթում ենք քաղաքական կողմնորոշման կամ քաղաքական հայացքների հետ: Մեկը մյուսի հետ բոլորովին կապ չունի։ Քաղաքացիական պարտքը դիրքորոշում է, որը ենթադրում է, որ դու քեզ համարում ես այս երկրի տերը, անտարբեր չես այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է այս երկրում: Քո հայացքներին կարող են համամիտ չլինել իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը: Եթե քո անձնական կարծիքը կապում ես տարբեր կողմնորոշումների հետ, քո քաղաքացիական պարտքը չես կատարում. դու պարզապես դառնում ես որոշակի քաղաքական ուղղվածության հոսքի մի անդամ: Քաղաքացիական պարտքը չի կարող դրսևորվել ժամանակ առ ժամանակ, սա մշտական պրոցես է[1]:
  • Ամեն ինչին քննադատաբար մոտենալը ճիշտ հատկություն է, և ճիշտ է, որ այն առաջին հերթին ուղղում ես ինքդ քեզ: Ընդհանրապես կյանքը մեզ տրված է նրա համար, որպեսզի փորձենք կատարելագործվել: Ի՞նչն է բացում աչքերդ. միայն քո հանդեպ քննադատական մոտեցումը: Եվ դու հասկանում ես, որ անսխալական չես, բազմաթիվ սխալներ ես թույլ տվել, և քո սխալների աղբյուրը չես փնտրում քեզնից դուրս: Երբ քո քննադատության սլաքն ուղղված է դեպի ներս, դու հաստատ ավելի շահեկան վիճակում ես հայտնվում: Քննադատությունը, որը դեպի ներս է ուղղված, նաև մարդկանց հետ անկեղծ շփվելու հնարավորություն է տալիս. մարդն այդ ժամանակ դուրս է գալիս սովորեցնողի, բարոյախոսի կարգավիճակից, դառնում ուղղակի երկխոսության մասնակից: Մեր հարստությունը մեր զանազանությունն է, ոչ թե միօրինակությունը: Մեր ընդդիմախոսները մեր թշնամիները չեն[1]:
  • Երբ մարդը շարժվում է ու միայն առաջ է նայում, հրաժարվելը հեշտ է լինում: Մի բանից կառչած մնալը խանգարում է առաջ գնալուն: Կյանքը չի կարող միայն ձեռքբերումներով լինել, կյանքում ամեն ինչ բալանսի մեջ է. և՛ ձեռքբերումները, և՛ կորուստները պետք է իրար հավասարակշռեն: Առանց կորուստների իմաստնություն ձեռք չեն բերում[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռուբեն Բաբայան հոդվածը նաև Վիքիպեդիայում: