Jump to content

Պատմության սկիզբն ու շարունակությունը

Վիքիքաղվածք-ից

«Պատմության սկիզբն ու շարունակությունը», Վազգեն Սարգսյանի հրապարակախոսական ստեղծագործությունը (1999 թվականի հոկտեմբեր)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Մեղրին քո տան դուռն է, հայ։ Մեղրին քո հացի այան է։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա։ Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ։ Քանի բանալի կար կախված 1915 թվից։ Քանիսը կորավ։ Քանիսը մնաց։ Իսկ դռները՝ բաց... Տանը հայ չկա, Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը։ Մենք վախենում ենք մեր ուժից։ Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին։ Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ։ Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես։ Քո ուրիշը դու ես։ Ու ոչինչ, որ սկզբից, քո հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որր մեղավոր կա։ Ոչինչ, բայց թող դա արագ անցնի։ Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես։
  • Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է։ Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է։
  • Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը։ Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում։ Չեն տա։ Եթե տան, ավելի վատ։ Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզանից ուժեղ են։ Տվեցին, գալու են ու մեզ ուտեն։ Իրենց թվով։ Իրենց տնտեսությամբ։ Իրենց փողով։ Իրենց խելքով։ Իրենց Շահով։
Ես չեմ վախենում։ Ես ոչ մեկից չեմ վախենում։
Ես զգուշանում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով։ Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի։ Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու է ձեր գանգը։ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում։
  • Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ։ Ձեր հոգու մեռելներին թաղեք։ Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է։ Սիրտը։ Ես ձեզ չեմ հասկանում։ Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի։ Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք...
  • Ու մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով։ Եղել է։ Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, վառիր մեր տունը, մենք քեզ արժանի ենք։ Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք։
  • Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց ու պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ։ Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Վազգեն Սարգսյան, Էս ինչ եք անում, տղերք, Երևան, 2020։