Կանաչ մղոն
Արտաքին տեսք
«Կանաչ մղոն» (անգլ.՝ The Green Mile), Սթիվեն Քինգի վեպը (1996), որի հիման վրա 1999 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Եթե մի անգամ հարվածես կապեր ունեցող մարդու, կարելի է հանգիստ շարունակել ծեծել, որովհետև հետդարձի ճանապարհ այլևս չկա։
- Նա ստիպված կլինի իր մաշկի վրա զգալ, թե որքան դժվար է աշխատանք գտնելը այս դաժան աշխարհում, ուր ոչ բոլոր վատ մարդիկ են նստած ճաղերի հետևում։
- Ձին կարելի է ջրի տանել, բայց ստիպել որ ջուր խմի՝ ոչ։
- Հագնվելը կհագնվի, բայց տնից դուրս չի գա։
- Կինոյում ավելի հեշտ էր ազատության հասնելը։ Ինչպես նաև սեփական անմեղությունը հաստատելը։ Դու տոմսի համար քառորդ դոլար ես վճարում և ստանում ես ճիշտ այդքան գումարի ճշմարտություն։ Իրական կյանքում ամեն ինչ թանկ է, և նույն հարցերին տրվում են բոլորովին այլ պատասխաններ։
- Մեզնից ոչ մեկը չէր գանգատվում. անիմաստ էր։ Մոլորակը պտտվում էր, կարելի էր պտտվել նրա հետ, կարելի էր նաև բռնվել ինչ-որ բանից ու դիմադրել, բայց այդ ժամանակ ոտնատակ կլինեիր։
- Անցնում ես կյանքով ահա, անում ես՝ ինչ պետք է, իսկ հետո՝ մեկ սխալ, և ամբողջը գրողի ծոցն է գնում։
- Ես հավատում եմ, որ աշխարհում տեղ կա բարուն, որ բարին մեր սիրելի Աստծո ներկայության վկայությունն է։ Բայց ես հավատում եմ նաև ուրիշ ուժի, ոչ պակաս իրական, որքան Աստված, որին ես աղոթել եմ ողջ կյանքում, և այդ ուժը նպատակամղված ջանում է կործանել ամբողջ բարին։ Ոչ սատանան, ես խոսում եմ ոչ սատանայի մասին (թեպետ հավատում եմ, որ նա էլ գոյություն ունի), այլ ինչ-որ ավերող դևի մասին, գարշելի մի արարածի, որը ուրախ հռհռում է, երբ ծերուկը, փորձելով ծխել-վերջացնել ծխամորճը, այրում է իր վրայի հագուստը, կամ նորածինը բերանն է տանում իր կյանքում առաջին Ծննդյան տոներին ստացած նվերը և խեղդվում։
- Չարությունը թմրանյութ է։
- Ընդհանրապես տղամարդը լավ կնոջ հետ՝ երջանկագույնն է Աստծո արարածներից, իսկ առանց կնոջ՝ ամենադժբախտը։ Եվ այդպիսիններին փրկում է միայն մեկ բան. նրանք պարզապես չգիտեն, թե ինչից են զրկված։
- Միգուցե մենք բոլորս էլ կրկեսային մկներ ենք, որ վազում ենք բակելիտային տների միջով, իսկ Աստված և մնացած երկնաբնակները դիտում են մեզ օրգանական ապակու հետևից։
- Աստված թույլ է տալիս, որ դա տեղի ունենա, և երբ մենք ասում ենք. «Ես դա չեմ հասկանում», նա պատասխանում է. «Ինձ դա չի հետաքրքրում»։
- Մարդու ձեռքը կարելի է համեմատել կիսով չափ ընտելացված կենդանու հետ։ Ժամանակի մեծ մասը նա ենթարկվում է, բայց մեկ-մեկ դուրս է գալիս վերահսկողությունից և գործում իր հայեցողությամբ։
- Ժամանակը կլանում է ամեն բան, ժամանակը տանում է անցյալը ավելի ու ավելի հեռու, և վերջապես մնում է միայն մթությունը։
- Երբեմն բացարձակապես ոչ մի տարբերություն չկա հոգու փրկության և նրան հավերժական տառապանքի դատապարտելու միջև։
- Մենք բոլորս դատապարտված ենք մահվան, բոլորս առանց բացառության, ես գիտեմ, բայց, օ՜ Աստված, երբեմն որքա՜ն երկար է Կանաչ մղոնը։
- Հեռուստացույցը լավ բան է, ես դրա դեմ ոչինչ չունեմ, պարզապես ինձ դուր չի գալիս, թե ինչպես է նա մարդուն կտրում իրական աշխարհից՝ գամելով նրան էկրանի լուսավորվող ուղղանկյանը։ Այդ առումով ռադիոն շատ ավելի լավ է։
- Ես իսկապես հոգնել եմ ցավից, որ լսում ու զգում եմ, բոսս։ Ես հոգնել եմ նրանից, որ մշտապես ինչ-որ տեղ եմ գնում, մեն-մենակ, բոլորից լքված։ Ես երբեք ընկեր չեմ ունեցել, որ ինչ ընկերակցեր, ասեր՝ ուր ենք գնում մենք և ինչու։ Ես հոգնել եմ մարդկանցից, որոնք այնպես ատում են մեկը մյուսին։ Նրանց մտքերը ծվատում են ինձ, ինչպես ապակու բեկորները։ Ես հոգնել եմ նրանից, որ հաճախ ցանկացել եմ օգնել և չեմ կարողացել։ Ես հոգնել եմ մթությունից, որը պարուրում է ինձ։ Բայց ամենից շատ հոգնել եմ ցավից։ Դա չափից դուրս շատ է։ Եթե ես կարողանայի դրա վերջը տալ, կցանկանայի էլի ապրել։ Բայց չեմ կարող։
Աղբյուրներ
[խմբագրել]- Սթիվեն Քինգ, Կանաչ մղոն, Երևան, 2020։