Jump to content

Էս ի՞նչ եք անում, տղերք

Վիքիքաղվածք-ից

«Էս ի՞նչ եք անում, տղերք», Վազգեն Սարգսյանի ստեղծագործությունը (1990 թվականի հուլիս)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել. յուրաքանչյուր ազգ ունեցել է իր համար արյուն թափողներ ու արյուն ծծողներ, ու էն ազգերն են գոյատևել, ում համար արյուն չխնայողները բազում են եղել։
  • Բոլորս բոլորիս սկսել ենք կասկածել, տղերք, սա ամենասարսափելին է։ Կասկածի ցեցը մեզ ներսից կուտի։ Հրեշավոր կասկածն ու անհանդուրժողականությունը սրտներումս՝ վաղը ո՞նց ենք մեկմեկու թիկունք ապահովելու։
  • Միասնությունից խոսելով հոգնեցինք, Նժդեհ ցիտելով հոգնեցինք, ու բան դուրս չեկավ։ Ու այնքան ժամանակ բան դուրս չի գա, մինչև չհասկանանք, որ «ամեն մի ամբիցիա դևալվացնում է շարժումը», որ մեզանից ոչ մեկը գեներալ ու զորավար չէ, էդ անտեր գործը, ախր, ուսում, փորձ ու տաղանդ է պահանջում, որ ֆիդայական ցաքուցրիվ պայքարը կործանարար հետևանքով է հղի, որ մեր միասնությունը, հասկանանք վերջապես, հնարավոր է միայն պետական կառուցվածքում, տվյալ դեպքում՝ Հայաստանի պառլամենտի պաշտպանության խորհրդի հովանու տակ։
  • Ես ասում եմ՝ ցավը տանեմ մեր ժողովրդի, ծով համբերություն ունի, ապրող ու ապրեցնող ժողովուրդ է, արժանի լինենք իրեն։
  • Ես ասում եմ՝ դավաճանություն է ժողովրդին ներշնչել, թե ինքը փոքր է ու անզոր։ Երեք միլիոն, թե երեք հարյուր միլիոն՝ օրհասի պահին պայքարողը շատ-շատ մեկ միլիոնն է։ Իսկ մեկ միլիոն անձնուրաց պայքարող՝ ազգն իր միջից կարող է հանել։ Ապացուցված բան է։
Մի բան է միայն անհրաժեշտ. սնապարծության և արկածախնդրության փոխարեն՝ լրջմտություն և պատասխանատվություն։ Որպեսզի դուրսպրծուկները կուրծք ծեծելու ասպարեզ չունենան։ Որպեսզի ինքնապաշտպանության գործը չվերածվի ինքնասպանության։ Էս գործը պետական մոտեցում է պահանջում և ենթադրում է պետականություն։ Պահը չկորցնենք, հապաղելը հանցագործություն է, տղերք։
  • Գաղջ մի մթնոլորտ են ստեղծել, որի մեջ հրաշալիորեն սունկերի նման աճեցնում են նորանոր «գեներալներ»։ Ու թե այսպես շարունակվի ևս մեկ-երկու ամիս, Հայաստանը թերևս վերածվի համատարած շտաբների, ուր զինվորներ չկան, կան «գեներալներ» և «ծառայողական» մեքենաներ»..., և յուրաքանչյուր «գեներալ» գոռում է «միասնություն», և հանուն միասնության սպառնում է զինաթափել մյուսին։ Ու հարցնող էլ չկա, թե ինչքա՞ն զենք ունենք, որ զինաթափում ենք մեկմեկու...

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Վազգեն Սարգսյան, Էս ինչ եք անում, տղերք, Երևան, 2020։