Jump to content

Եղեգները չխոնարհվեցին

Վիքիքաղվածք-ից

«Եղեգները չխոնարհվեցին», Ստեփան Ալաջաջյանի վեպը, որի առաջին գիրքը լույս է տեսել 1966 թվականին։ Պատկերում է Եղեռնից հետո Կիլիկիա` Զեյթուն վերադարձած հայերի վերջին հերոսամարտին։

Քաղվածքներ

[խմբագրել]
Վրեժը սուրբ զգացում է, արդար, բայց եթե արդար էլ չէ, մեկ բան ընդունելի է, չարերին պատժելը, չարագործներին պատժելը։
  • Զենքը ուժ է, ուժը` կշիռ։ Տկարին կպարտադրեն ամեն գործ, կխաբեն, մինչդեռ զենք կրողի հետ հաշվի կնստի և՛ թշնամին, և՛ բարեկամը։
  • Մեկը ինչ-որ պատմում է, և բառերի փոխարեն լսվում է թախիծ։ Միայն հայը կարող է թախիծը լսել, եվրոպացին այն զգալ էլ չի ուզում։
  • Երբ մարդն սկսում է աշխատել, կյանքն ինքնըստինքյան բնականոն է դառնում։
  • Զենքը հայի բարձը պետք է լինի. փոքր ժողովուրդների բարձը։ Բայց հավատքն էլ, Կարո՛, պետք է զենքի չափ։
  • Պետությունները բարեկամ ժողովուրդներ չունեն, ունեն շահեր...
  • Հայ լինելը մի ժամանակ հպարտություն էր, հիմա` անեծք, անիծված ու հրդեհված իր տան մեջ։ Թող ոչնչանա պատմությունից մի ժողովուրդ, և թող նրա պատմությունը մնա. հետո՞։ Ում է պետք այդ պատմությունը առանց իր ժողովուրդի։ Մի քանի հոգի կուսումնասիրեն, կափսոսան անհետացած մշակույթի համար, թանգարանները կտեղափոխեն պատառիկներ, արձանագրություններ, ջարդված խոյակներ, մի քանի դրամ, մի խոշոր խաչքար...
  • Սի՛րտն է ասում, և սիրտը միտք չէ, որ տրամաբանի, համոզի զրուցակցին։ Սիրտը կարող է զգալ, և զգացողությունը խաբկանք չէ...
  • Աղաները չեն սիրուն բռնապետներին, իսկ եթե հանդուրժում են, ապա «շքանշաններ» են սպասում, այս դեպքում` ոսկու իրենց բաժինը...
  • Մեր գործը արդար է։ Հավատքի համար ենք կռվում։ Ո՛չ։ Հայրենիքի համար։ Ո՛չ։ Հայրենիք չկա, խլել են։ Կարո՞ղ ենք ետ վերցնել։ Ո՛չ։ Կիլիկիան կմնա թշնամուն, և ֆրանսիացին էլ նայում է, թե ինչպես է մնում։ Հայրենասիրությո՛ւն։ Ո՛չ։ Մնում է մեր ազատությունը, և ազատության մեջ` վրեժը, մեր կորուստների վրեժը։
  • Զինվել, զինվել և թող զենքը մնա բահի կողքին, որը որ պետք լինի, այն էլ կվերցնի հողագործը։ Բայց բահի կողքին միշտ զենք պիտի լինի, հայի ճակատագիրն է այդպես, և ով չի հասկանում, ամոթ իրեն։
  • Հավատքն էլ ուժ պիտի ունենա։ Զենք է դա` թշնամու դեմ, սահմանագիծ է, թշնամու դեմ ամեն ինչ է։ Պետականությունը ավելի հարատև է։ Հավատքը ճիշտ է, կպահպանի մեզ, բայց ոչ հավերժ։ Քիչ-քիչ դարեդար կկորչի, կձուլվի ինքն իր ու ուրիշ նույնանման հավատքների մեջ։ Պետականությունը նաև զենք է ձուլման դեմ...
  • Կգա թշնամին, իր տված խաղաղությանը հավերժություն տալու` մեզ բնաջնջելով։
  • Երբ ես Շեբեբի մոտ մտա, այդ սպան ասում էր, հայերը եղեգներ են, մենք` նրանց քամին, որ կողմ փչենք, այն կողմն էլ կխոնարհվեն։
  • Ծաղիկը ձյունից դուրս կգա։
  • Սա այն ճակատամարտն է, որ ոչ հաղթությամբ է վերջանալու, ոչ էլ պարտությամբ։ Չենք պարտվի, որովհետև հերոսաբար կմեռնենք։ Պարտվում են նրանք, ովքեր կռվից հետո ողջ են մնում։ Սա պարտություն չունի, ողջ մնացող չի լինի։ Եվ չի լինի հաղթանակ։ Թող թշնամին չգոռոզանա, որ հաղթելու է մեզ։
  • Մայրեր, եթե ողջ մնաք, ձեր երեխաներին չսովորեցնեք ներել թշնամուն...
  • Աղքատի տղին ձրի կմկրտես, ձրի կպսակես, ձրի կթաղես։ Կրակել չիմացողին կանիծես։ Տատմերերի հետ սիրաբանելը մեղք չէ։ Անհավատներին մայր հայհոյելը մեղք չէ։ Դու շատ մի հավատա աստծուն ու Քրիստոսին, պետք չէ, կույր հավատը զգաստության թշնամին է։ Կարևորը բոլոր սուրբ տոների պահպանումն է, որպեսզի ազգային ավանդույթները մնան, ազգը մնա, իսկ հավատալը կարևոր չէ, ոչ ոքի պետք չէ։
  • Հայ քահանան, նախ, լավ զինվոր պետք է լինի։
  • Ինչպիսի՜ ժողովուրդ։ Մի տասնամյակ էլ չկա և երկու եղեռն տեսավ։ Միայնակ թողեցին նրան և աստված, և մշակույթի պաշտպանները, և քաղաքակրթություն քարոզող Եվրոպան, և մենք։ Մենք մեզ միայնակ թողեցինք։ Չկարողացանք գտնել մեր իսկական բարեկամին։ Ժողովուրդները պիտի դաշնակիցներ ունենան, բարեկամներ ունենան, հենարաններ ունենան։ Իսկ մե՞նք... Որպես ժողովուրդ չներկայացանք ոչ աշխարհին, ոչ մարդկանց։ Միշտ ներկայացանք որպես անհատ կամ անհատների մի խումբ, մի կուսակցություն, մի ընկերություն, բայց ոչ ժողովուրդ ու ազգ։ Մեզանից առաջ մեր մշակույթի բեկորներն ու մեր պատմությունը հրամցրինք նրանց և ասացինք. ծանոթացեք սա մերն է։ Նրանք տեսան այն, ինչ մերն էր ու մեզ չտեսան. ու մենք... «մերը» դարձրինք պարծանք, սնափառություն, աղոթք ու մոռացանք մեզ։ Հարկավոր էր մեզ ծանոթացնել, և ոչ ոք չուզեց այդ բեռը վերցնել։ Տխուր է։
  • Մենք ողջ մնալու համար չկռվեցինք, այլ թշնամու ձեռքով չմեռնելու համար։ Տարբեր նպատակներ են։ Մենք մեր հայրենիքի համար կռվեցինք, հողի ու պատմության, մշակույթի ու պետականության, ոչ թե ողջ մնալու։ Չէ՞ որ ապրելու սիրահար մարդը ուրիշ ձևեր էլ կգտնի։ Հավատափոխ կդառնա, ազգուրաց կդառնա, կձուլվի, կփոխվի և կմնա ողջ-առողջ։ Ինչո՞ւ եվրոպացիները չեն հասկանում մեզ և չեն հասկանալու։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ստ. Ալաջաջյան, Եղեգները չխոնարհվեցին, Երևան, 1970։