Այսպես խոսեց Զրադաշտը
Արտաքին տեսք

«Այսպես խոսեց Զրադաշտը․ Գիրք ամենքի և ոչ ոքի համար» (գերմ.՝ Also sprach Zarathustra: Ein Buch für Alle und Keinen), փիլիսոփայական վեպ, որի հեղինակն է Ֆրիդրիխ Նիցշեն։ Այն բաղկացած է չորս մասից, որոնք գրվել են 1883‑1885 թվականների ընթացքում և հրատարակվել 1883‑1891 թվականներին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Դու մե՜ծ լուսատու։ Ի՜նչ կլիներ քո երջանկությունը, եթե դու չունենայիր նրանց, ում լույս ես տալիս։
- Շատ անկատար բան է մարդն ինձ համար։ Սերն առ մարդը կործանելու էր ինձ։
- Ես ձեզ գերմարդն եմ ուսուցանում։ Մարդը մի բան է, որ պետք է հաղթահարվի։ Դուք ի՞նչ եք արել նրան հաղթահարելու համար։ Բոլոր էակները ցարդ մի բան ստեղծել են իրենցից վեր. իսկ դուք կամենում եք այդ մեծ ալիքի տեղատվությու՞նը լինել և դեռ ավելի շուտ առ կենդանին ետ դառնալ, քան հաղթահարե՞լ մարդուն։ Ի՞նչ է կապիկը մարդկանց համար։ Ծաղրուծանակ կամ տանջալի ամոթ։ Եվ ճիշտ նույնը պետք է լինի մարդը գերմարդու համար՝ ծաղրուծանակ կամ տանջալի ամոթ։ Դուք անցել եք ճանապարհը ճիճվից մինչև մարդ, բայց ձեր մեջ դեռևս ճիճու է շատ բան։ Երբևէ դուք կապիկ էիք, և նույնիսկ դեռ հիմա մարդը ավելի է կապիկ, քան որևէ կապիկ։
- Ճշմարիտ եմ ասում՝ աղտոտ գետ է մարդը։ Արդեն պետք է ծով լինել, որ կարողանաս աղտոտ մի գետ մեջդ առնել` առանց կեղտոտվելու։
- Մարդը լար է՝ ձգված կենդանու և գերմարդու միջև, լար՝ անդունդի վրա։
- Վտանգավոր է առաջ գնալը, վտանգավոր է ճանապարհին կենալը, վտանգավոր է ետ նայելը, վտանգավոր է սոսկալը և կանգնած մնալը։
- Ամենաարհամարվածը վերջին մարդն է։
- Ժամանակն է արդեն, որ մարդը իր նպատակը դնի իրեն։ Ժամանակն է արդեն, որ մարդը ծիլը սերմանի իր բարձրագույն հույսի։
- Մարդիկ աշխատում են տակավին, որովհետև աշխատանքը ժամանց է։ Բայց հոգում են, որ ժամանցը չուժասպառի։
- Նա, ով կերակրում է սովյալին, սեփական իր հոգին է զորացնում. այսպես է ասում իմաստնությունը։
- Մի թողեք բարձրացածին դարձյալ հետ իր ցածը ընկնի։
- Այլ բան է միտքը, այլ բան՝ արարքը և այլ բան՝ պատկերը արարքի։ Պատճառականության անիվը չի պտտվում նրանց միջև։
- Ով այժմ հիվանդանում է, նրա վրա հարձակվում է չարը, որը հիմա է չար. նա ցավ է ուզում պատճառել նրանով, ինչը իրեն է ցավ պատճառում։
- Դուք վերև եք նայում, երբ ձգտում եք բարձրանալ։ Իսկ ես նայում եմ ներքև, քանզի բարձրացել եմ։
- Ով ամենաբարձր լեռներն է բարձրանում, նա ծիծաղում է կյանքի և բեմի բոլոր ողբերգությունների վրա։
- Ճիշտ է, մենք սիրում ենք կյանքը, բայց ոչ թե որ կյանքին, այլ որովհետև սիրելուն ենք սովոր։ Սիրո մեջ միշտ մի քիչ խելագարություն կա։ Սակայն խելագարության մեջ էլ միշտ մի քիչ բանականություն կա։
- Ոչ թե զայրույթով, այլ ծիծաղով են սպանում։
- Ամենը, ինչի մասին շատ են մտածում, դառնում է կասկածելի։
- Ես սովորեցի քայլել. այդ պահից ի վեր ես ինձ թույլ եմ տալիս վազել։ Ես սովորեցի թռչել. այդ պահից ես չեմ սպասում նախ հրեն, որ տեղիցս պոկվեմ։
- Ստում է ոչ միայն նա, ով հակառակ իր իմացածի է խոսում, այլ մանավանդ նա, ով հակառակ իր չիմացածի է խոսում։
- Իսկական տղամարդու մեջ թաքնված է մի մանուկ, և սա խաղալ է ցանկանում։ Մի խաղալիք է կինը, մաքուր ու նուրբ որպես գոհար, լուսաշող մի աշխարհի առաքինություններով, որ դեռ գոյություն չունի։
- Ամուսնությունը վերջ է տալիս բոլոր կարճ հիմարություններին որպես երկար հիմարություն։
- Թող վախենա տղամարդը կնոջից, երբ նա սիրում է. նա ամեն ինչ կզոհաբերի, նրա համար մնացած բոլորը դատարկ բաներ են։
- Արժեքների փոփոխությունը` արարողների փոփոխություն է։
- Վատթարագույն թշնամին, ում դու կարող ես հանդիպել, միշտ ինքդ ես լինելու, դու ինքդ ես քեզ դարանակալում։
- Իսկական տղամարդը երկու բան է ուզում` վտանգ և խաղ։ Դրա համար էլ նա կամենում է կնոջը, իբրև ամենավտանգավոր խաղալիքը։
- Սիրել նրանց, ովքեր արհամարհում են մեզ, և ձեռք պարզել այն ուրվականին, որ մեզ վախեցնել է կամենում։
- Այս աշխարհը հավերժորեն անկատարյալ է, պատկերը՝ մի հավերժական հակասության, մի անկատար պատկեր, արբեցուցիչ մի վայելք իր անկատար արարչի համար։
- Որ ամեն ոք կարդալ պիտի սովորի՝ այս միտքը փչացնում է ոչ միայն գրելու ցանկությունը, այլև մտածելու։
- Ո՛վ արյունով ու հակիրճ ասացվածքներով է գրում՝ նա չի կամենում, որ իրեն կարդան, այլ` անգիր անեն։
- Ով թռչուն չէ՝ անդունդի վրա չպետք է ճախրի։
