Ֆրեդ Աֆրիկյան

Վիքիքաղվածք-ից
Ֆրեդ Աֆրիկյան

Ֆրեդ Աֆրիկյան (մարտի 25, 1937 - հոկտեմբերի 13, 2018), հայ ճարտարապետ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Եթե մարդը քաղաքական կենդանի է, կնշանակի կյանքն էլ կենդանիների քաղաքականություն է[1]։
  • Աշխարհի վրա մեր գրաված տեղը շրջում է մեզ հետ։
  • Արևի շահը իր ջերմությունից ազատվելն է։
  • Առասպելն իրականության ճշգրտումն է։
  • Մարդն աշխարհի տերն է, իր՝ հպատակը։
  • Աշխարհը փուչ չէ, ասացողն է անզոր։
  • Կատարյալն Աստվածն է, կատարելությունը՝ մարդը։
  • Բախտը մեր ու ճակատագրի միջնորդն է։
  • Առանց հանցանքի դատապարտում է միայն ճակատագիրը։
  • Անցյալն է մերը, ապագան հավերժությանն է։
  • Երբ Հայրենիքն է իմ պարծանքը՝ ես գտնված եմ, երբ ես եմ նրա պարծանքը՝ մենք պետություն ենք։
  • Հայրենիքից դուրս՝ ամեն տեղ աշխարհի ծայր է։
  • Հայրենիքի դավաճանը հայրենիքը հանձնում է բախտի հեշտանքին։
  • Լավ է անարժանին բարեկամ լինել, քան բարեկամին կասկածելի։
  • Հարգելը նաև շողոքորթելու կիրթ վերաբերմունք է։
  • Եթե թշնամիդ քեզ բարեկամ է համարում, կամ նա է խորամանկ, կամ դու ես միամիտ։
  • Ոչխարը գիտե, որ գայլը գայլ է, բայց չգիտե, որ ինքը ոչխար է։
  • Թշնամուն ճանաչում են հաղթելու համար, բարեկամին՝ չպարտվելու։
  • Ում սիրում են՝ չեն խաբում, բայց կարող են խաբել, թե սիրում են։
  • Սրբություն կա, սուրբ չկա։
  • Սուրբ տաճարում էլ կան գաղտնի դռներ։
  • Կույր հարուստն ասեղ էլ կարող է թելել։
  • Առողջությունը ոսկուց թանկ է միայն հիվանդ ժամանակ։
  • Մեղվի գիտակցության չափը մի կաթիլ մեղրն է։
  • Հպարտությունը զարդարում է կնոջը, բայց չի աջակցում բուն առաքելությանը։
  • Կինն անհամբեր է, որովհետև կարծում է, թե իր հետ միշտ լավն է կատարվելու։
  • Իրենց վրա սիրահարված կանանց հեշտ է սիրահետել։
  • Եթե կինն է գրոհում, ինչքան հնարավոր է պետք է պարտվել։
  • Սիրելը կնոջ առաքելությունն է, տղամարդու՝ առաքինությունը։
  • Սիրուց առաջ անշուք տնակ էր, սիրուց հետո՝ ապարանքի ավերակ։
  • Շան հառաչանքն էլ դարձյալ հաչոց է։
  • Ցասումը խավարի մեջ թռիչք է, թռիչքի տակ՝ անդունդ։
  • Բնության հետ մարդը միակն է, որ կարողանում է սակարկել։
  • Չարն ու բարին միմյանց են հալածում, ճիշտն ու սխալը՝ մեզ։
  • Միայն հմայքից խայծն է կազմված։
  • Հորիզոնից հետո նոր հորիզոն չէ, այլ բաց տիեզերք։
  • Մեր հայրը՝ մեր հայրն է, Հայր մերը՝ բոլորի։
  • Կանխակալ կարծիքը դարան մտած վտանգ է։
  • Թռչունին, որ բարձր թռչի՝ կամ վերևից պիտի հրապուրել, կամ վարից հալածել։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Աֆորիզմներ, Ֆրեդ Աֆրիկյան. «Նաիրի». 1997. էջ 185. 


Աղբյուրներ[խմբագրել]

  • Աֆորիզմներ, Ֆրեդ Աֆրիկյան. «Նաիրի». 1997. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆրեդ Աֆրիկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: