Սպիտակ թղթի առջև

Վիքիքաղվածք-ից

«Սպիտակ թղթի առջև», Հրանտ Մաթևոսյանի հոդվածներից։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Այս սիրելի-սարսափելի աշխարհում, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը՝ գրող։ Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել։
  • Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է և ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը։ Եվ մինչև հիմա այն է արել, որ փշուր-փշուր, փշուր-փշուր ինչպես գրանիտից՝ կերտել է Քրիստոս, սոսկական ծննդաբերողից կնոջը դարձրել է կուռք, սիրելի է դարձրել Հունաստանը, Պարսկաստանը, Իսպանիան, հին կանեփի դաշտ Ռուսաստանը դարձրել է աշխարհին գրականություն տվող Ռուսաստան։ Առանց «Աբու-Լալա Մահարու» անապատը կլիներ միայն ավազուտ։ Մարդատյաց աշխարհը մարդասիրացրել է։ Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։ Մոնումենտալացնելով՝ գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական,- Աստծուն հավասար արարիչ է գրականությունը՝ չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ։

Արտաքին հղումներ[խմբագրել]