Սերժ Սարգսյան

Վիքիքաղվածք-ից
Սերժ Սարգսյանը

Սերժ Ազատի Սարգսյանը (ծ. հունիսի 30, 1954) Հայաստանի Հանրապետության վարչապետն (2007-3200) է եղել և հանրապետության 3-րդ նախագահն (2008-700000) է։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Գիտե՞ք որն է Չինաստանի հաջողության բանալին վերջին օլիմպիական խաղերում. համընդհանուր նպատակադրումը: Հիշո՞ւմ եք այն չին ծանրորդին, ով կրկնեց համաշխարհային ռեկորդը` բարձրացնելով տվյալ պահի համար հաղթական ծանրաձողը, բայց մրցավարները չհաշվեցին: Ի՞նչ արեց նա. հաջորդ մոտեցումով նա նորից բարձրացրեց իր ողջ կյանքի համար ամենից ծանր քաշը: Կարծում եք մկանների մարզվածությո՞ւնն էր պատճառը... Ողջ գաղտնիքը մարդկային գիտակցության մեջ էր: Համոզված եմ` հայկական հրաշքի բանաձևն էլ նույնն է:[1]
  • Պիտի հանենք գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից: Զուգահեռաբար անբարեխիղճ ծառայողներին հեռացնելու ենք զբաղեցրած պաշտոններից:[1]
  • Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն ... Ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է:[1]
  • Աշխարհում շուրջ 10 միլիոն հայ կա: Ուրեմն Հայաստանը պիտի 10 միլիոն դեսպան ունենա: Ներկա տեղեկատվական պատերազմներում սա է նավթադոլարների դեմ մեր միակ հակակշիռը: Եվ մենք կհակակշռենք` եթե լիովին սթափվենք:[1]
  • Ես դիմում եմ իշխանության և ընդիմության ներկայացուցիչներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, բոլորին: Դիմում եմ ու հորդորում վերջ տալ հրապարակավ այլոց վիրավորելուն: Սա մեզ մոտ արդեն անցնում է ընդունելիի սահմանը: Անձնական վիրավորանքներ հասցնելը մեզանում կարծես թե դարձել է նորմ:[1]
  • Երբ ես մենակ եմ մնում, մեկ մեկ քահ-քահ ծիծաղում եմ, որովհետև շատ պարագաներում գործը աբսուրդի է հասնում: Ինձ փորձում են Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ մեղադրել մարդիկ, ովքեր ընդհանրապես որևէ անգամ Ղարաբաղում չեն եղել, և երբ որ պետք էր այնտեղ լինեին, իրենք ուրիշ տեղ էին, նույնիսկ Հայաստանում չէին, նույնիսկ փողոց դուրս չէին գալիս, որովհետև հանկարծ կարող է զինկոմիսարիատից հային ասեին՝ արա, էս փողոցում դու ինչ ես անում: Բա սա աբսուրդ չի՞: Ինձնից են ուզում Ղարաբաղը պաշտպանել: Որ ինչ: Արդյոք ես ինչու պետք է զիջումների գնամ այդ հարցում: Որ ինչ ստանամ: Որ Հայաստանի թագավոր դառնամ: Էլ ինչ պիտի լինի էլի, ինչը պիտի ինձ շահագրգռի: ... Եվ մարդկանց այդպես մտածելու հիմնական նյութը թուրքական կամ ադրբեջանական հայտարարություններն են:[2]

Հայ-թուրքական հարաբերությունների մասին[խմբագրել]

  • [Սփյուռքի հետ քննարկումների] արդյունքում, ողջ աշխարհը տեսավ ու հասկացավ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում գործ ունի ոչ միայն երեք միլիոնանոց Հայաստանի, այլ տաս միլիոնանոց հայ ժողովրդի հետ: Եվ թող ոչ ոք չտեսնելու չտա, որ ի հեճուկս ցանկացած վանկարկումների` հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում և ուժեղ է իր զավակներով: Եվ թող ոչ ոք չփորձի սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև, մեր քույրերի ու եղբայրների` Հայաստանի ապագայի համար անհանգստությունը ներկայացնելով որպես Հայաստանի Հանրապետությանը նրանց կողմից ինչ-որ բան պարտադրելու փորձ:[3]
  • Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է և պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից: Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ:[3]
  • Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում:[3]
  • Այս հարաբերությունները որևէ ձևով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է: Հայաստանը չի դիտարկում արձանագրություններում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցը որպես Ղարաբաղի հիմնախնդրի հետ որևէ առնչություն ունեցող հիշատակում:[3]
  • Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա: Այս արձանագրություններով Հայաստանը միակողմանիորեն չի ստանձնում որևէ պարտավորություն, չի կատարում որևէ հաստատում: Հայաստանը ստորագրում է այս արձանագրությունները երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով: Ուստի, եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները և դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր:[3]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սերժ Սարգսյանը ուղերձ հղեց ժողովրդին ու խորհրդարանին (2008-03-10)։ Վերստացված է՝ 2009-12-10 թվականին։
  2. Սերժ Սարգսյանը ծիծաղում է (2009-09-30)։ Վերստացված է՝ 2009-12-10 թվականին։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը հայ ժողովրդին: (2009-10-10)։ Վերստացված է՝ 2009-12-10 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝