Մեծապատիվ մուրացկանները

Վիքիքաղվածք-ից

«Մեծապատիվ մուրացկաններ», Հակոբ Պարոնյանի երգիծական վեպը, որ գրվել է 1887 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել․ անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ․ Հ․ Վարդովյան հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։
  • — Շատ լավ, իմ անունս ալ գրեցե՛ք, ես ալ պատվավոր ազգային մ՚ եմ։ Մեր քաղքին մեջ արտերու, եզերու, կովերու և ագարակներու տեր եմ․․․ Ասոնք ալ գրե՛,— ըսավ այնպիսի դեմքով մը, որ կը հայտներ, թե մեծ շահ մ՚ուներ այս խոսքերուն հրատարակությանը մեջ։
— Հոգ մի՛ ընեք․ խղճի և արդարության պարտք մը կատարելու համար անոնք ալ կը գրեմ։
— Երկու երեք հատ սպասավոր ալ ունիմ․․․ անոնք ալ լրագրույդ մեկ կողմը կրնա՞ս անցունել։
— Ինչո՞ւ չէ։
— Ոսկիե ժամացույց և շղթա ալ ունիմ, բայց շոգենավուն մեջ չգողցնելու համար վրաս չառի․ անոնք ալ գրել պե՞տք է,— հարցուց Աբիսողոմ աղան, որ բոլորովին մոռցած էր սնտուկները։
  • Ես ինքզինքս չէի կարծեր այն չափ մեծ մարդ, որչափ որ կը կարծե այս խմբագիրն․ բայց հարկավ այն ինձմե աղեկ գիտե իմ որչափ մեծ ըլլալս, վասնզի խմբագիր մ՚ է և ուսումնական է․․․։
  • — Ի՞նչ տեսակ մարդ էր։
— Խոշոր թիկնոց մը հագած էր։
— Ի՞նչ գույնով էր, ճերմա՞կ թե թուխ։ — Ո՛չ, սև էր։
— Սև՞ էր։
— Այո, սև, բայց աղվոր, անոր փաթտըվողը ձմեռը չմսիր։
— Ատ ի՞նչ խոսք է, փաթտըվիլն ի՞նչ պիտի ըլլա․․․ ես քուկին գիտցած կնիկներեն չեմ, հասկցա՞ր,— ըսավ տիկինը յուր խոսքերը շեշտելով։
— Վնասակար բան մը չըսի․ փաթտըվելով ի՞նչ կըլլա եղեր,— պատասխանեց բեռնակիրն աթոռի մը վրա փռելով յուր թաշկինակն։
— Ատկե ավելի վնասակար ի՞նչ կրնա ըլլալ։
— Շատ բարակ բաներու մեր խելքը չպառկիր։
— Ես կը պառկեցունեմ․․․ դուն զիս կը ճանչնա՞ս․․․։
— Փաթտըվելեն ի՞նչ վնաս կուգա։
— Ես էրիկ ունիմ, ինչու պիտի փաթտըվիմ եղեր անոր։
— Էրիկ ունեցողներն ալ կը փաթտըվին․ էրիկն ուրիշ, աս ուրիշ․ աս կը տաքցունե։ Ըսենք, որ ձմեռը գիշեր մը դուրս ելար, փողոցին մեջ էրկանդ չես կրնար փաթտըվիլ, բայց աս կռնակդ կառնես․․․։
— Աբիսողո՞մ աղան։
— Թիկնոցը, տիկին․․․ Աբիսողոմ աղան կռնակի վրան կառնվի՞։
— Մինչև հիմա թիկնոցի՞ վրա կը խոսեիր։
— Խոսքերնիս թիկնոցի վրա չէ՞ր մի․․․ Հապա դուն ի՞նչ հասկցար։
— Ես հասկցա, որ Աբիսողոմ աղային փաթտըվելու է, կըսես։
  • — Գիտեմ, որ մեծ փողոցեն եկաք․ այդ ոտքի ամաններով վեր կելնվի՞․ տեսեք՝ ի՞նչ ըրիք տախտակներս, ես այսօր սրբեցի զանոնք, և հոգիս բերանս եկավ։
— Ի՞նչ ընենք, ուրիշ ոտքի աման չունինք։
— Ինչո՞ւ կայներ երեսս կը նայիք, չհանե՞ք տվոնք։
— Մի՛ պոռար, տիկին, մի՛ պոռար, կը հանենք։
Եվ հանեցին իրենց ոտքի ամաններն, որք ավելի մաքուր էին, քան իրենց ոտներն։
— Ա՞յդ ոտքերով վեր պիտի ելնեք,— կրկնեց տիկինն։ — Ուրիշ ոտք չունինք, այս ոտներով պիտի ելնենք,— պատասխանեցին պանդուխտներն այնպիսի խղճուկ կերպով մը, որ կարծես թե իրենց աղքատության պատճառով երկու ոտքեն ավելի չէին կրցած ունենալ, և որպես թե հարուստներն չորս, հինգ կամ վեց ոտք ունեցած ըլլային։
  • — Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կը կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ, սուրը գրիչի դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջա­րեղենին դեմ․ իսկ հիմա անցան այն ժամանակները․ անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք՝ լույս, անոնք տգետ են, և մենք՝ գիտուն, անոնք սուր են, մենք՝ գրիչ, անոնք ատելություն են, մենք՝ սեր, անոնք կրակ են, մենք՝ ջուր, անոնք միս են, մենք՝ բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր, անոնք փուշ են, մենք՝ վարդ․ անցան, անցան այն դարերը, ուր մարդկությունը տգիտության օրորոցին մեջ մեյ մը ասդին, մեյմը անդին կերթար, կուգար․․․
  • — Բանաստեղծի մը սիրտը շատ փափուկ է, ամենաթեթև խոսքե մը կվիրավորվի։
  • — Ի՞նչ կարծեցիք հապա․ երկու ամիս պիտի սպասեմ, որ մուսաս գա և ներշնչե ինծի, որպեսզի գրեմ․ առանց մուսայի ոտանավոր չի գրվիր։
— Եթե այդ մուսան գալու չըլլա՞․․․։
— Անպատճառ կուգա։
— Չկրնա՞ր ըլլալ, որ նամակ մը գրես և աղաչես իրեն, որ շուտ մը գա և դուն ալ երկու ամիս չսպասես։
— Անիկա ինքնիրեն կուգա, նամակի պետք չունի, մեծապատիվ տեր։
— Ո՞ւր կը նստի․․․ շատ հեռո՞ւն է։
— Այո՛, շատ հեռու է, բայց կուգա։
— Ցամաքե՞ն, թե ծովեն։
— Չէ՛, մեծապատիվ տեր, չէ՛։
— Ո՞վ է ուրեմն սա գետնին տակն անցնելու մարդը․․․ ուսկի՞ց պիտի գա․․․ ըսե, որ ճամփա մը մտմտանք ու բերել տանք․․․ Եթե մեկ երկու ոսկի տանք, այս շաբաթ կուգա՞։
— Այ՛ո, երկու ոսկի տալուդ պես գործը կը դյուրանա, և մուսաս այս շաբաթ վազելով կուգա,— պատասխանեց անմուսա բանաստեղծը ոսկի բառը լսելուն պես։
— Գրե՛ ուրեմն իրեն, իմ կողմես ալ հատուկ բարևներ ըրե և ըսե, որ Աբիսողոմ աղան քեզ տեսնել կուզե։
  • — Քաղաքակրթյունը և լուսավորությունը պարտք կը դնեն մեր ամենուս վրա, որ մեր պատկերներն ունենանք։
— ....Օրինակի համար ես ագարակներ ալ ունիմ, որոնց մեջ շատ մը կովեր, ոչխարներ, ձիեր, սագեր, բադեր կան, անոնք ալ կարելի չէ՞ պատկերին մեկ կողմը դնել։
  • Կան մարդեր, որ ցցունել կուզեն, ինչ որ չունին. կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ որ ունին․ կան նաև որ ցցունել կուզեն, ինչ որ ունին։ Աբիսողոմ աղան վերջիններեն էր․ կը փափագեր, որ բոլոր աշխարհ իմանա ագա­րակներ ունենալը, և յուր փափագն իրացնելու համար ստակ ալ չէր խնայեր։
  • Մանավանդ թե բժիշկները քաջալերելու չափ հիվանդություն ալ չկա մեր ազգին մեջ․ և այն ազգին մեջ, որ հիվանդությունը տարածված չէ, պարապ բան է Եվրոպայի բժիշկներուն չափ ճարտար բժիշկներ հուսալ, ինչպես նաև այն ազգն, որու մեջ ընթերցասիրությունն տարածված չէ, իրավունք չունի տաղանդավոր և հանճարեղ հեղինակներ ունենալու․ տաղանդն և հանճարն առանց քաջալերության կը մեռնի։
  • Չեմ տեսած քննադատ մը, որ տգեղ հրատարակության մը կոկորդեն բռնե, սղմե և սպանե զայն։ Սպանելու չէ, գործ մը գեղեցկացնելու աշխատելու է, կըսե, անոր գեղեցիկ կողմերը ցույց տալով և միշտ տգեղ կետերը հեռուանց ցցունելով խիստ քիչ անգամ։ Ո՛չ, պարոն քննադատներ, ո՛չ, իրավունք չունիք, սպանեցեք տգեղ գործերն և վստահ եղեք, որ պիտի գեղեցկանան անոնք։ Մարդեր կան, որ կը գեղեցկանան, երբ մեռնին։
  • Ո՜վ փառասիրություն, իրավ է, որ դուն երբեմն խելացիները խենդ և խենդերը խելացի կընես․․․
  • — Տասը տարիե ի վեր,— ըսավ պատանին,— թատերական բեմին վրա կը քալեմ․․․
— Թող նստեիր,— պոռաց Աբիսողոմ աղան։
— Եվ ազգին ծառայություն կընեմ։
— Աղայություն ընեիր թո՛ղ....
Վիքիպեդիա
Վիքիպեդիա


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝