Կոմս Մոնտե-Քրիստո

Վիքիքաղվածք-ից

«Կոմս Մոնտե Քրիստո» (ֆր.՝ Le Comte de Monte-Cristo), Ալեքսանդր Դյումա Ավագի ամենահայտնի վեպերից է, գրվել է 1844-45 թվականներին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Որևէ մեկի հետ կռվելու առիթ փնտրելը վատ միջոց է նրան սիրող կնոջը դուր գալու համար։
Մերսեդես
  • Մենք բոլորս մահկանացու ենք, և հարկավոր է, որ ծերերը իրենց տեղը զիջեն երիտասարդներին, այլապես ամեն ինչ կանգ կառնի։
Մորել
  • Ծանր է տեսնել, որ ընկերդ պարտքը չի կատարում։
Դանգլար
  • Իսկ ձեզ հայտնի՞ է իտալական առածը, որ ասում է. «Chi ha compagno ha padrone»։- Ով գործընկեր ունի, գլխին տեր ունի։
Մորել
  • Ազնիվ մարդկանց համար վերն Աստված կա։
Մորել
  • Նավապետ լինեմ թե օգնական, պարոն Մորել, միշտ էլ խորին հարգանքով կվերաբերվեմ այն անձանց, ովքեր վայելում են տերերիս վստահություննը։
Էդմոն Դանտես
  • -Նավապետ դառնալու համար հարկավոր է մի քիչ տերերի աչքը մտնել։

-Հույս ունեմ, որ նավապետ կդառնամ և առանց այդ անելու,-պատասխանեց Դանտեսը։

  • Ավելի վատ նրանց համար, ովքեր գինուց վախենում են։ Նրանք անշուշտ չար դիտավորոթւոյններ ունեն և վախենում են, որ գինին դրանք երևան կհանի։
Բոլոր չար մարդիկ ջուր խմողներ են,
Ջրհեղեղով է դա ապացուցված...
Կադրուս
  • Մի կառուցիր օդային ամրոցներ, որոնցից հետո իրականությունը քեզ ավելի ծանր կթվա։
Մերսեդես
  • Երջանկությունը կուրացնում է մարդուս ավելի, քան հպարտությունը։
Էդմոն Դանտես
  • Մարդ միշտ շտապում է երջանիկ լինել, և ով շատ է տառապել, դժվարությամբ է հավատում իր երջանկությանը։
Էդմոն Դանտես
  • Աստված ի վիճակի է փոխելու ապագան, անցյալի մեջ նա ոչինչ չի կարող փոխել։ Մենք կարող ենք, եթե ոչ հրաժարվել անցյալից, ապա գոնե նրա վրա քող գցել։
Ժերար դը Վիլֆոր
  • Իրարից հեռու լինելը մարդկանց բաժանում է ոչ պակաս, քան մահը։
Դանգլար
  • Ով ինքն ատում է, հասկանում է ուրիշի ատելությունը։-Ֆերնան
  • Ֆրանսիացիները իսպանացիների համեմատությամբ այն առավելությունն ունեն, որ իսպանացիները խորհում են, իսկ ֆրանսիացիները՝ հնարը գտնում։
Դանգլար
  • Ուրախությունը երբեմն տարօրինակ ներգործությունէ ունենում, տխրության պես ճնշում է մարդուն։
Էդմոն Դանտես
  • Ինձ թվում է, որ մարդը այսպիսի դյուրին երջանկության համար չի ստեղծված։ Երջանկությունը նման է հեքիաթային դղյակների, որոնց դարպասները վիշապներն են պահպանում, և որ այդ դղյակներին տիրանալու համար հարկավոր է պայքարել։
Էդմոն Դանտես
  • -Բայց եթե այդ նախանձեղներն իմ ընկերներն են, ապա ես գերադասում եմ չիմանալ թե ովքեր են նրանք, որպեսզի ստիպված չլինեմ նրանց ատել։։ ։Էդմոն Դանտես

-Սխալվում եք։ Հարկավոր է, որ մարդ որքան կարելի է պարզ տեսնի իր շրջապատը։

Դը Վիլֆոր
  • Բայց վիշտ վանելն այնքան էլ հեշտ չէ։ Վշտից խոցվածը վիշտը իր հետ ման է ածում մահաբեր նետի պես։
  • Քաղաքականության մեջ կան ոչ թե մարդիկ, այլ գաղափարներ, ոչ թե զգացմունքներ, այլ շահեր։ Քաղաքականության մեջ ոչ թե մարդուն սպանում են, այլ վերացնում են խոչընդոտները, և ուրիշ ոչինչ։
Նուարտիե
  • Աստված վերջին ապավենն է։ Դժբախտության մեջ մարդ պետք է ամենից առաջ աստծուն դիմի, սակայն նա այդ բանն անում է միայն մնացած բոլոր հույսերը կորցնելուց հետո։
  • Նա սպառեց բոլոր մարդկային միջոցները, ուստի և դիմեց Աստծուն։ Այնժամ այն բոլոր բարեպաշտական մտքերը, որոնցով ապրում են բախտից ճզմվածները, կենդանություն տվին նրա հոգուն։ Նա հիշեց իր մոր սովորեցրած աղոթքները և նրանց մեջ գտավ այն իմաստը, որը մինչև այդ անհասկանալի էր իր համար, քանզի բախտավորների համար աղոթքը բառերի միօրինակ ու անիմաստ մի կույտ է, քանի դեռ վիշտը խորագույն իմաստ չի դրել այն սրտառուչ բառերի մեջ, որոնցով դժբախտները խոսում են Աստծո հետ։ Նա աղոթում էր ոչ թե ջերմեռանդորեն, այլ մոլեգնաբար։ Աղոթելով բարձրաձայն, նա այլևս իր ձայնից չէր վախենում։ Իր արտաբերած ամեն մի խոսքից հետո նա մի տեսակ մոլուցքի մեջ էր ընկնում, տեսնում Աստծուն։
  • Միայն դժբախտությունն է բացահայտում մարդկային մտքի հարստությունները։
Աբբա Ֆարիա
  • -Մի՞թե աշխարհը լի է վագրերով ու կոկորդիլոսներով,- ասաց Դանտեսը։

– Այո՛,- պատասխանեց Ֆարիան,- միայն թե երկոտանի վագրերն ու կոկորդիլոսները ավելի վտանգավոր են։

  • Կան գիտցողներ և կան գիտուններ։ Առաջիններին ստեղծում է հիշողությունը, վերջիններին՝ փիլիսոփայությունը։
Աբբա Ֆարիա
  • Փիլիսոփայությունը չեն սովորում։ Փիլիսոփայությունը ձեռք բերած գիտելիքների և այդ գիտելիքները կիրառող բարձր մտքի զուգորդությունն է։ Փիլիսոփայությունն այն լուսաճաճանչ ամպն է, որի վրա Քրիստոսը ոտք դրեց երկինք համբառնելիս։
Աբբա Ֆարիա
  • Երիտասարդ տարիքում մարդ հավատում է կյանքին. հավատալն ու հուսալը ջահելության առանձնաշնորհն է։ Բայց ծերությունը մահն ավելի պարզ է տեսնում։
Աբբա Ֆարիա
  • Աստված, մարդու զորությունը սահմանափակելով, նրան տվել է անսահման ցանկություններ։
  • Մարդուս սիրտը ճաքում է, երբ հույսի ջերմ շնչից չափազանց լայնանալուց հետո հանկարծ կծկվում է իրականության ցրտից։
  • Այս աշխարհում լավ ապրելու համաև բավական չէ ազնիվ մարդ լինել։
  • Ես մեռյալների անեծքից ավելի եմ վախենում, քան կենդանի մարդկանց ատելությունից։
  • Մխիթարել կարելի է նրան, ով մխիթարություն է փնտրում։
  • Պատերն ականջներ ունեն, բայց չեն խոսում։
  • Երբ աստծո արդարադատությունը հապաղում է, մեզ թվում է, թե նա մեզ մոռացել է, բայց վաղ թե ուշ նա հիշում է մեզ։
Կադրուս
  • Վտանգից վախենալու համար հարկավոր չէ իմանալ, թե ի՛նչ վտանգ է դա. ընդհակառակը, հենց անիմանալի վտանգն է ամենից շատ վախ պատճառում։
  • Որոշ մտքեր ծնունդ են առնում մարդու ուղեղում, իսկ որոշ մտքեր՝ սրտում։
  • Մարդ ասածը երկու մահ չունի, իսկ մեկից խուսափել չի կարող։
Պենելոն
  • Ոչ մի բան այնքան խիզախություն չի ներշնչում, որքան տեղին ասված խոսքը։
  • Կշռադատիր վիճակը, ինչպես եթե կողմնակի մի մարդ լինեիր, և ինքդ վճռիր։
Մորել
  • Ժամանակակից աշխարհում տասներեք-տասնչորս միլիոն կարողություն ունենալով, մարդ որքան չարիք կարող է անել իր թշնամիներին։
  • Իսկ որտեղ կարող է մենությունը այնքան անսահման ու բանաստեղծական լինել, որքան այն նավի վրա, որ ընթանում է ծովի ամայության, գիշերային խավարի, անվախճանության լռության մեջ, ամենակարողի աչքի տակ։
  • Ձեռնարկել անկարելին՝ կնշանակի ապստամբել Աստծո դեմ։
  • Նախախնմաությունը կարող է վերականգնել դժբախտության կործանած շենքը։
Մորել
  • Որքա՜ն հաճախ ենք մենք անցնում մեր բախտի մոտով առանց նրան նկատելու, առանց նրան նայելու, իսկ եթե նայում էլ ենք, ապա չենք ճանաչում։
Սինդբադ Ծովագնաց (Կոմս Մոնտե Քրիստո)
  • Երբ մի բան իմ խելքից վեր է, դրա վրա կանգ առնելու սովորություն չունեմ և անցնում եմ այլ նյութի։
  • Եկեք վայելենք ներկան և չմռայլենք ապագան։
Ալբեր դը Մորսեր
  • Ես արդեն ազատություն չէի աղերսում, այլ խնդրում էի պահպանել գիտակցությունս, վախենում էի, որ կխելագարվեմ ու կմոռանամ ամեն ինչ. տե՜ր Աստված, դու պահպանեցիր հիշողությունս, և ես ոչինչ չմոռացա։ Շնորհակա՜լ եմ, տեր Աստված։
  • Ամեն ոք համարում է, որ իրենից դժբախտը չկա աշխարհում ու չի լսում ուրիշի լացն ու հեծեծանքը։ Իր միակ սերը, միակ երջանկությունը կորցրած մարդուց ավելի դժբախտ ով կարող է լինել։
  • Ժամանակ է պետք, որ արցունքներից մշուշված աչքերը կրկին սրատես դառնան։
  • Ուրիշներից բարձր կանգնած մարդը, ուր էլ որ նա գտնվելիս լինի, միշտ երկրպագուներ ունենում է։
  • Օրն ունի քսանչորս ժամ, ժամը՝ վաթսուն րոպե, րոպեն՝ վաթսուն վայրկյան։ Ութսունվեց հազար չորս հարյուր վայրկյանում շատ բան կարելի է անել։-Կոմս Մոնտե Քրիստո
  • Այս աշխարհում չկա ո՛չ երջանկություն, ո՛չ դժբախտություն. թե մեկը, թե մյուսը հարաբերական են. միայն նա, ով անսահմանորեն դժբախտ է եղել, կարող է անսահման երջանկություն զգալ։ Պետք է մահ փափագել, կյանքի քաղցրությունը զգալու համար։
  • Մահը միշտ մահ է, այսինքն՝ մոռացում, հանգիստ կյանքի, հետևաբար և տառապանքների բացակայություն։
  • Մահն էլ կյանքի նման ունի տառապանքներ ու հաճույքներ, որոնց գաղտնիքը պետք է իմանալ։
  • Նայած թե ինչպես են դիմավորում մահը. ըստ այնմ նա մեզ համար կամ բարեկամ է, որը քնքշորեն օրոր է ասում, կամ թշնամի, որը մեր հոգին բռնությամբ պոկում է մարմնից։ Կանցնեն հազարամյակներ և կգա մի օր, երբ մարդը կտիրանա բռնության բոլոր կործանիչ ուժերին ու կծառայեցնի դրանք մարդկության բարօրությանը։ Երբ մարդն իմանա մահվան բոլոր գաղտնիքներն, այն ժամանակ մահը նույնքան քաղցր ու երանելի կլինի, որքան քունը սիրած աղջկա գրկում։
  • Մի տեսակ կապ կա մեզնից բաժանվողների ու մեզ հանդիպողների միջև։
Կոմսուհի Գ
  • Կյանքում ամենաէական բանը մահն է։ Մի՞թե հետաքրքիր չէ իմանալ, թե հոգին ինչ կերպ կարող է բաժանվել մարմնից, և թե մարդիկ ինչպես են իրենց բնավորությունների, խառնվածքների և նույնիսկ տեղական սովորությունների բերումով անցնում գոյությունից դեպի անգոյություն տանող այդ վերջին ճանապարհը։ Համարձակվում եմ ձեզ հավատացնել, որ մարդ ինչքան շատ է մեռնող տեսնում, այնքան նա համար հեշտ է մեռնել, և հետո համոզված եմ, որ մահը կարող է լինել տանջանք, բայց ոչ քավություն։-Կոմս Մոնտե Քրիստո
  • Ատելությունը կույր է, զայրույթն՝ անխորհուրդ, և ով արբենում է վրիժառությամբ՝ իրեն ենթարկում է դառը բաժակ ըմպելու վտանգին։
Ֆրանց դ’Էպինե
  • Մարդ նրա համար է ճանապարհորդում, որ գիտելիքներ ձեռք բերի, նրա համար է տեղը փոխում, որ նոր բան տեսնի։
Կոմս Մոնտե Քրիստո
  • Ահա մի մարդ, որը հնազանդվել էր բախտին, որը գնում էր դեպի կառափնարան, որը պատրաստ էր մեռնելու, ճիշտ է, վախկոտի ես, բայց առանց դիմադրության ու բողոքի։ Գիտե՞ք ինչն էր ուժ տալիս. մխիթարում նրան, գիտե՞ք ինչու էր նա հնազանդորեն սպասում մահապատժին։ Որովհետև մի ուրիշն էլ էր այդպես տանջվում, որովհետև մի որիշն էլ պետք է մեռներ, որովհետև մի ուրիշը նրանից առաջ պետք է մեռներ։ Երկու ոչխար տարեք մորթելու, երկու եզ տարեք սպանդանոց և նրանցից մեկին հասկացնել տվեք, որ իր ընկերը չի մեռնելու. ոչխարն ուրախությունից կսկսի մայել, եզը կբառաչի երջանկությունից, իսկ մարդը, որ ստեղծված է ըստ աստծո պատկերի և նմանության, մարդը, որին աստված, որպես ամենաառաջին, միակ և բարձրագույն օրենք, պատվիրեց սիրել մերձավորին, մարդը, որին աստված լեզու է տվել իր մտքերն արտահայտելու համար, ի՞նչ կլինի նրա առաջին աղաղակը, երբ նա իմանա, որ իր ընկերը փրկված է։ Մի նզովք։ Ուրեմն, փա՜ռք մարդուն, բնության թագ ու պսակին, արարչագործության թագավորին։

Եվ կոմսը ծիծաղեց, բայց այնպիսի սոսկալի ծիծաղով, որով կարող է ծիծաղել միայն նա, ով շատ է տառապել։

  • Կառափնարանի առաջին աստիճանի վրա մահը պոկում է այն դիմակը, որ մարդ կրել է իր ամբողջ կյանքում, և այնժամ երևում է նրա իսկական դեմքը։
Կոմս Մոնտե Քրիստո
  • Մոկկոլիները կամ մոկկոլետոները տարբեր հաստության մոմեր են, սկսած զատկի մոմից և վերջացրած ամենաբարակ մոմով։ Հռոմի կառնավալի վերջին գործողության գործով անձանց համար նրանք հանդիսանում են երկու ներհակ հոգսերի առարկա.
1. թույլ չտալ, որ իր մոմը հանգցնեն.
2. հանգցնել ուրիշների մոմերը։
Այդ տեսակետից մոկկոլետոն նման է կյանքին. մարդս այն ԱՎԱՆԴԵԼՈՒ միայն մի միջոց է գտել, և այն էլ ստացել է աստծուց։
Բայց նա այդ կյանքը ԽՈՐՏԱԿԵԼՈՒ հազարավոր միջոցներ է գտել. ճիշտ է, այդ գործում փոքր-ինչ օգնէլ է սատանան։
Մոկկոլետոն վառելու համար բավական է այն մոտեցնել կրակին։
Բայց ո՞վ կարող է նկարագրել այն հազարավոր միջոցները, որ հնարված են մոկկոլետոն հանգցնելու համար. հսկայական փուքսեր, ահռելի մարիչներ, վիթխարի հովհարներ…
  • -Ոչ, սիրելի՛ Վամպա,- ասաց կոմսը,- դուք կարողանում եք ձեր սխալներն այնպիսի սիրալիրությամբ ուղղել, որ մարդ ձեզ ուզում է շնորհակալություն հայտնել այդ սխալների համար։
  • Երբ մինիստրությունը տխուր է, օպոզիցիան պետք է ուրախ լինի։
  • Սեփական կաշու մասին չափից ավելի հոգալը ամենից շատ վնասում է արագ վճիռներին ու խիզախություն պահանջող ձեռնարկումներին։ Եվ իսկապես, եթե որոշել ես կյանքդ բանի տեղ չդնել, սկսում ես ուրիշներին նման չլինել, կամ, ավելի լավ է ասել, ուրիշները չեն նմանվում քեզ. ով այդպիսի որոշում է կայացրել, իսկույն ևեթ զգում է, թե ինչպես իր ուժերն ավելանում են և հորիզոնը լայնանում։
Բեռտուչո
  • Չկա մի բան, որ չվաճառվի, երբ մարդ կարողանում է անհրաժեշտ գինը տալ։
Կոմս Մոնտե Քրիստո
  • Երբ գիտես, որ իրավունք ունես, ուժ ես ստանում։
Բեռտուչո
  • Չարագործները հեշտությամբ չեն մեռնում. աստված պահպանում է նրանց, որպեսզի իր վրիժառության գործիք դարձնի։–Կոմս Մոնտե Քրիստո
  • Ամեն մի դժբախտության դեմ երկու դեղ կա. Ժամանակը և լռությունը։
Աբբա Բուզոնի (Կոմս Մոնտե Քրիստո)
  • Ես ուրվականների սիրահար եմ և երբևէ լսած չկամ, որ մեռյալները վեց հազար տարվա մեջ այնքան չարիք գործեին, որքան ապրողները գործում են մեկ օրում։
* Մարդկային գյուտերը բարդից դիմում են դեպի պարզը, իսկ պարզը միշտ կատարյալ է։
  • Աշխարհիս երեսին չկա մի ավելի բարձր, ավելի գեղեցիկ ու ավելի կատարյալ բան, քան հատուցելն ու պատժելը։
Կոմս Մոնտե Քրիստո
  • Որքան էլ որ հանցանքը վարպետորեն գործված լինի, միշտ էլ մնում է հանցանք, և եթե խուսափում է մարդկային արդարադատությունից, ապա աստծո աչքից չի կարող թաքնվել։
Էլոիզա դը Վիլֆոր
  • Մոնտե Քրիստոն, շարունակելով ժպտալ, սրտի խորքում մի այնպիսի մռնչյուն արձակեց, որ եթե Վիլֆորը կարոանար լսել՝ իսկույն կթողներ ու կփախչեր։
  • Ծառը չէ, որ բաժանվում է ծաղվիկ, ծաղիկն է բաժանվում ծառից։
  • Ջահելությունը ծաղիկ է, իսկ սերը՝ պտուղը նրա…Երջանիկ է այգեգործն այն, որի համար նա դանդաղորեն հասել է։
Կոմս Մոնտե Քրիստո
  • Նա, ով ծնվել է ծիրանին հագին և երբեք ոչինչ չի ցանկացել, ծանոթ չէ կյանքի երջանկությանը, ինչպես որ պայծառ երկինքը գնահատել չի կարողանում նա, որ երբեք իր կյանքը չի վստահել մոլեգնած ծովում դես ու դեն քշվող չորս տախտակների։
Էմանուել
  • Մենք իսկապես որ շատ երջանիկ ենք, բայց ստիպված ենք եղել երկար տառապել, և քչերն են իրենց երջանոկության համար այդքան թանկ վճարել։
Ժյուլի
  • Մարդը կատարելության կհասնի միայն այն ժամանակ, երբ աստծու պես կարողանա իր ցանկությամբ ստեղծել ու ոչնչացնել. ոչնչացնել նա արդեն սովորել է, կնշանակի, ճանապարհի կեսն արդեն անցել է։
Կոմս Մոնտե Քրիստո
  • Բարեբախտաբար, գոյություն ունի խիղճը, այլապես մենք շատ դժբախտ կլինինք։ Ամեն մի եռանդոտ արարքից հետո մեզ փրկում է մեր խիղճը. Նա մեզ համար գտնում է հազար ու մի արդարացում, որոնց դատավորները մենք ինքներս ենք լինում։ Եվ թեպետ այդ փաստարկները պահպանում են մեր հանգիստ քունը, նրանք թերևս մեր կյանքը չպահպանեն քրեական դատարանի դատավճռից։
Կոմս Մոնտե Քրիստո
  • Ինչքան հիմար են կանայք։ Իրենց հանճար են համարում, եթե հաջողվում է մեկ կամ տասը սիրային արկած այնպես անցկացնել, որ դրանց մասին ամբողջ Փարիզը չխոսի, իսկ դա շատ հեշտ է, որովհետև ամուսինները, մեծ մասամբ, պարզապես չեն ցանկանում իմանալ այդ ամենը։
Դանգլար
  • Ո՞վ կարող է ասել, թե վաղն ինչ կլինի, մարդս մտադրվում է, իսկ աստված տնօրինում։
Կոմս Մոնտե Քրիստո
  • Առանց ընկերուհիներ լինելու էլ աղջիկները միմյանց վստահում են իրենց գաղտնիքները։
Մորել
  • Ես խորապես համոզված եմ, որ աստված չի կարող ստեղծել երկու այնքա՜ն իրար համապատասխան սրտեր և չի կարող նրանց միացնել այդքան հրաշագործ կերպով միայն նրա համար, որ իրարից բաժանի։
Մորել
  • Ինչ էլ որ ասեն փիլիսոփաները, հարուստ լինելը լավ է։
Դանգլար
  • Բարեկեցության որոշ աստիճանում միայն չափազանցությունն է անհրաժեշտ, ճիշտ այնպես, ինչպես հուզավառության որոշակի աստիճանում իրական է միայն իդեալը. Կանայք, իհարկե, համաձայն են ինձ հետ։ Շարունակենք այդ միտքը։ Ի՞նչ է հրաշքը։ Այն, ինչ մենք չենք հասկանում։ Ի՞նչ է ամենացանկալին։ Այն, ինչ անհասանելի է։ Այսպիսով, տեսնել անհասկանալին, ձեռք բերել անհասանելին, ահա ինչին եմ նվիրել ես իմ կյանքը։ Եվ ես հասնում եմ դրան երկու միջոցով՝ փողով ու կամքով։
Կոմս Մոնտե Քրիստո
  • Դժբախտությունը մարդուն նախանձ է դարձնում։
Կադրուս
  • Մեր բոլոր արարքները հետք են թողնում մեր անցյալի վրա՝ մռայլ թե պայծառ։ Մեր քայլերը կյանքի ճանապարհին նման են ավազի վրա շարժվող սողունի և հետք են թողնում։
Ժերար դը Վիլֆոր
  • Սիրուհուց կարելի է բաժանվել, բայց կինը, գրողը տանի, ուրիշ բան է, նրա հետ կապված ես ընդմիշտ, մոտը լինես, թե տարածության վրա։
Ալբեր դը Մորսեր
  • Վատ արարքների մեծ մասը մարդկանց առաջ կանգնում է ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ պատշաճ դիմակով, իսկ այն բանից հետո, երբ հուզմունքի, վախի կամ ցնորամտության րոպեին վատ արարքն արդեն ԿԱՏԱՐՎԱԾ է, տեսնում ես, որ ՄԻՋՈՑԸ, որով պետք էր գործել, որը կուրացման րոպեին մեր մտքով չի անցել, շատ հեշտ է ու հասարակ, և մենք ասում ենք մեզ. ինչու՞ չարեցի այսպես, այլ արեցի այնպես։
Ժերար դը Վիլֆոր
  • Ձեզ, կանանցդ, զղջումը հազվադեպ է անհանգստացնում, որովհետև դուք ինքներդ հազվադեպ եք որոշումներ ընդունում. ձեր դժբախտությունները համարյա երբեք ձեզնից չեն կախված, դուք համարյա միշտ մեղավոր եք միայն ուրիշի հանցագործությունների մեջ։
Ժերար դը Վիլֆոր
  • Բոլոր կրքերի հատակում, բոլոր հաճույքների հետևում ընկած է զղջումը, հենց դրա համար ավետարանը դժբախտների համար ապավեն է և որպես մխիթարություն տվել է մեզ, խեղճ կանանցս, մեղավոր կույսի ու անհավատարիմ կնոջ հիանալի առակը։ Եվ, խոստովանանք լինի, պատանեկությանս մոլորությունների մասին մտաբերելիս, ես երբեմն մտածում եմ, որ աստված թողություն կտա մեղքերիս, որովհետև եթե ոչ ներումն, ապա քավություն գտա իմ տանջանքների մեջ։ Բայց դու՞ք վախենալու ինչ ունեք։ Ձեզ, տղամարդկանց, հասարակությունը միշտ արդարացնում է, իսկ գայթակղությունը՝ զարդարում լուսապսակով։
տիկին Դանգլար
  • Երբևէ նկատե՞լ եք, արդյոք, թե մեր եսասիրություն ինչպիսի վառ գույներով է օժտում այն ամենը, ինչ պատկանում է մեզ։ Ադամանդը, որը շողում է Մարլեի կամ Ֆոսենի ցուցափեղկում, ավելի սքանչելի է թվում, երբ դառնում է մերը։
Ալբեր դը Մորսեր
  • Մարդիկ միշտ այդպես են. մերձավորի ինքնասիրությունը պատրաստ են կացնով հարվածել, իսկ երբ խայթում են նրանց սեփական ինքնասիրությունը, վայնասուն են բարձրացնում։
Կոմս Մոնտե Քրիստո
  • Երբեմն, ինչպես ասում է Համլետը, խորունկ թաղված գաղտնիքների շշուկը գետնի տակից է բարձրանում և ֆոսֆորափայլ կրակների նման դեգերում է օդում, բայց այդ կրակները միայն բոցկլտում են ու անհետանում և շփոթեցնում են մեզ։
Ժերար դը Վիլֆոր

  • Ծերունիները շատ են վախենում, երբ մահը մի պահ հետ է քաշվում իրենցից, մի ուրիշ ծերունու հարվածելու համար։
  • Անսահման հուսահատությամբ լի սրտի համար հուզմունք այլևս գոյություն չունի։
  • Խորթ մայրը երբեք հարազատ չի դառնա։
մարքիզուհի դը Սեն-Մերան
  • Կիրքը կուրացնում է ամենահավասարակշռված ուղեղները։
  • Կինը սուրբ է, սիրած կինը կրկնակի սուրբ է։
  • Մահը բոլորի համար նվիրական է։
  • Չէ որ կարելի է տարակուսել, երբ քեզ հայտնում են մեծ երջանկության մասին։
ՄաքսիմիլիանՄորել
  • Գաղափարները չեն մեռնում, նրանք երբեմն նիրհում են, բայց հետո արթանում են է՛լ ավելի ամրապնդված։
  • Իր ցնորամտությունը չգիտակցող անմիտը միշտ հավատացնում է, թե կարող է կատարել այն, ինչ նրա ուժերից վեր է։ Թույլը խոսում է իր բարձրացրած ահռելի ծանրությունների մասին, երկչոտը՝ պարտված հսկաների, իսկ աղքատը՝ իր ունեցած գանձերի մասին. ամենաանշուք գեղջուկը Յուպիտեր է կարծում իրեն։
  • Իրականում ի՞նչ է կյանքը։ Սպասում մահվան նախասենյակում։
Բոշան
  • Գաղափարակից մարդու հետ ավելի շուտ ես բարեկամանում։
Ժերար դը Վիլֆոր
  • Դուք գիտեիք, որ դժվար բան չէ ուրիշի գաղտնիքներն իմանալու համար դիմակ հագնել, իսկ հետո այդ դիմակւ հանել և կործանել նրանց, ովքեր վստահել են ձեզ։
  • Ամենաապականված հոգիներն անգամ անհնարին են համարում որևէ շահով չհիմնավորված չարության հնարավորությունը. աննպատակ ու անհին չարությունը տարօրինակ է ու զզվելի։
  • Ինչպես ասում է Կլավդիոսը Համլետին՝ դա բնության օրենք է. նրանց հայրերը մեռել են զավակներից առաջ, և նրանք ողբացել են ծնողների մահը, հիմա էլ նրանք պետք է մեռնեն իրենց զավակներից առաջ, և նրանց մահը կողբան զավակները։
  • Այնքան հաճելի է երաժշտություն լսել մի քիչ հեռվից, ստվերում նստած, երբ քեզ ոչ ոք չի տեսնում և ինքդ էլ ոչինչ չես տեսնում, նեղություն չես պատճառում կատարողներին. այդ դեպքում նրանք ազատորեն տրվում են իրենց տաղանդի ձգտմանը և սրտի պոռթկումներին։
Ալբեր դը Մորսեր
  • Մոնտե-Քրիստոն հասկացավ այն, ինչ վաղուց արդեն անհնար էր թվում. աշխարհում երկու Մերսեդես կա, և ինքը դեռ կարող է երջանիկ լինել։
  • -Գիտե՞ք, կոմս, - վերջապես ասաց Մերսեդեսը` թախանձագին նայելով Մոնտե-Քրիստոսին,- կա արաբական սրտառուչ սովորություն։ Նրանք, ովքեր մի հարկի տակ աղ ու հաց են կերել, ընդմիշտ բարեկամ են դառնում։
  • -Օհ, Տե'ր Աստված, Տե'ր Աստված, ների'ր, որ ուրանում էի Քեզ, դու գոյություն ունես, դու, հիրավի, տիեզերքի տերն ես և երկրի մարդկային դատավորը։ Տե'ր Աստված, ես երկար ժամանակ Քեզ չէի հավատում։ Տե'ր Սստված, ընդունի'ր հոգիս։
  • Կոմսն աչք ածեց շուրջը, և նրա նայվածքն այնպիսի հուսահատություն էր արտահայտում, որ վագրերի գութը կշարժեր, սակայն չմեղմացրեց դատավորների սիրտը. հետո նա վեր բարձրացրեց աչքերը, բայց և իսկույն ցած խոնարհեց` ասես վավխենալով, որ կամարները կճեղքվեն` բացելով մի այլ` երկնային ատյան` իր ողջ վսեմությամբ, և ինքը կկանգնի մի այլ` գերագույն դատավորի առաջ։

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կոմս Մոնտե-Քրիստո հոդվածը նաև Վիքիպեդիայում: