Խաչատուր Աբովյան
Վիքիքաղվածքյից
Խաչատուր Աբովյանը (հոկտեմբերի 15, 1809 - անհետացել է 1848) հայ ականավոր գրող և արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրն է։
Բովանդակություն |
Քաղվածքներ [խմբագրել]
- Քո գործը, քո գործը միայն քո անունը կպահե:[1]
- Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ: Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը: Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես:
- Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք:[2]
- Հոգևոր անշարժություն, ասել է բարոյական մահ:[3]
- Հազար անգամ թուքումուր
Բայց մեկ անգամ օրինակ տուր...[4] - Շունչդ տուր, բայց քո հայրենիք
Մի՜ տուր թշնամյաց [5]
«Վերք Հայաստանի» վեպից [խմբագրել]
- Էսքան բաները լսեցիր, սի՛րելի կարդացող, բաս ի՞նչպես չի սիրտդ վառվել, որ դու է՛ն ազգի որդին ես, որ էսքան տանջանք քեզ համար քաշեց, ինքը նահատակվեց, քո կաթդ ու արինդ ուրիշ ազգի հետ չխառնեց։ Էնպես կարծում ես քի՞չ բան ա, հազար տարով էս օրը քաշիլ, էլի ազգ պահիլ, որդի մեծացնիլ, անուն, լեզու, հավատ ունենա՞լ։ Ա՜խ, էս միտքը անողը էլ ի՞նչ սիրտ պետք է ունենա, որ իր լեզուն, իր ազգը չսիրի։
- Ա՜խ, լեզուն, լեզուն․ լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի։ Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը։ Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես։ Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ։
- Ախր որ ասեմ ես՝ փրոքուլիվաթսա արի, սքուչնա եմ, օփիժաթսա էլա, փրոշենի տվի, սանյաթիե շատ ունիմ, գլուխս քրուժիթսա էլավ, փեզչեսնի մարդ ա, րազփոյնիք ա, յափեթնիք օքմին ես, գնանք քուփաթսա ըլինք, սոփրանիեմեն եմ գալիս, փրոիգրաթսա արին, ճամփին ֆսեթքի ութոփնո ա, շատ խլափոթ սլաչիթսա չի՛ ըլում և այլն։ Ա՛չքիս լիս, մի մտածի՛ր, թե լսողն ի՞նչ կասի։ Իսկ գիտուն, լուսավորյալ մարդը նա է, որ ամեն լեզու, քանի կարա, իստակ խոսա։ Դու քո լեզուն որ իստակ խոսաս, ի՞նչ վնաս ունի, հենց գիտում ես խելքդ ձեռիցդ կառնե՞ն, թե՞ սովորած իմաստությունդ ջուրը կթափի, կամ թե չէ, տերության սիրտն ես ուզում շահի՞լ։
- Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արևին ղուրբա՛ն․ տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք։ Մեկ դարտակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ։ Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ։ Ինչ կուզե ֆրանցուզերեն, նեմեցերեն գիտենանք, մենք չենք կարող էնպես բան գրիլ, որ նրանց միջումն անուն ունենա, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն՝ ուրիշ, մեկ էլ, որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիվ կա, ո՛չ հեսաբ։
- Աստված կյանք տա էն ծնողացը, որի որդիքն ինձ մոտ են։ Նրանց առաջին խնդիրն միշտ էն ա էլել, որ նրանց որդիքը հայերեն լավ գիտենան։ Գերեզմանն էլ որ մտնիմ, նրանց էս սուրբ խոսքը մտքիցս չի՛ գնալ։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունի՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 97։
- ↑ (2007) Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք՝ Ներբող Մայրենիին։ Հեղինակային հրատարակութիւն, 48։ ISBN 978-99930-4-9203-3։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 124։ ISBN 99930-2-276-4։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 94։ ISBN 99930-2-276-4։
- ↑ (1990) Հայկ Խաչատրյան՝ Հանրագիտակ օրացույց 1991։ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 9։ ISBN 5-89700-004-2։