Աբու-Լալա Մահարի

Վիքիքաղվածք-ից
«Աբու-Լալա Մահարի» գրքի շապիկը

«Աբու-Լալա Մահարի», Ավետիք Իսահակյանի պոեմներից։ Գրվել է 1909-1910 թվականներին։ 

Քաղվածքներ[խմբագրել]

  • Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն,

Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
Եվ նրա օրենքները։

Առաջին սուրահ[խմբագրել]

  • Գնա՛ մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն,

Դեպի արևը սլացիր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում։

  • Ախ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական,

Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական։

  • Ես շատ սիրեցի իմ ընկերներին, և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռու,

Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն-ատելությամբ սիրտըս է եռում։

  • Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում,

Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում։

  • Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը - կեղծիքը հոգու,

Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու։

  • Մարդկային լեզու, դու, որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ

Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ։

Երկրորդ սուրահ[խմբագրել]

  • Եվ կինն ի՞նչ է որ... խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,

Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին։

  • Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին....
  • Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղ-ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,

Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես և չըհագենաս։

  • Ատում եմ սերը` մահու պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար,

Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ։

Ո՛վ սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
Դո՛ւ, թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ։

Ատում եմ կնոջ` տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ,
Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության։

Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա,-
Փախչում եմ նրա ճահիճ-մահիճից, և անիծում եմ երկունքը նրա։

  • Սրիկա է նա ով հայր է լինում, ով երանավետ ծոցից ոչնչի`

Գոյության կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի։

  • -Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ,-

Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ։

Երրորդ սուրահ[խմբագրել]

  • -Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական։


Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով,
Եվ ո՞վ է պատմում բյուր-բյուր ձևերով` անդուլ ու անխոնջ` այսպես թովչանքով։

Ազգեր են եկել, ազգեր գնացել, և չեն ըմբռնել իմաստը նըրա,
Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ։

Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, և չի լսելու վախճանը նըրա,
Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ չկա։

Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորից է պատմվում հեքիաթն այս շքեղ,
Նորից սկսվում և վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ։

Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ - անցնող քարավան,
Որ հեքիաթի մեջ, վառ երազի հետ, չվում է անտես դեպի գերեզման։

Կույր ու գուլ մարդի՛կ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ,
Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն` ահավոր ջեհնեմ։

Ձեր օրենքները – լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի,
Եվ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի։

Եղկելի մարդիկ, փոշի կըդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար,
Եվ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե - կավլե պիղծ հետքերը ձեր։

Եվ ունայնաշունչ հողմը կըշաչե ձեր ոսկորների քարերի վըրա,
Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա։

Չորրորդ սուրահ[խմբագրել]

  • Վա՛յ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին։


  • Դո՛ւ, կախարդ ուղի, հավիտյան անհայտ, հավիտյան դյութող իմ նոր հայրենիք,

Տար ինձ, իմ սիրտը` հավիտյան լացող` այնտեղ, ուր բնավ չեն եղել մարդիկ։

Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը` ձեռիդ,
Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե բարեկամըդ և թե թշնամիդ։

Բարեկամներից հեռու տա՛ր դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես
Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես` կմոռանան քեզ։

Իմ խոր վերքերը ո՞վ կնյութեր ինձ, թե չլինեին ընկեր, բարեկամ,
Որոնք համբույրով սիրտս բացեցին, որոնք համբույրով խայթեցին նրան։

Բյուր կեղծիք ունի իր ակունքի մեջ համբույրը մարդկանց, համբույրն ընկերի,
Որով որսում է գաղտնիքը սրտիդ և դարձնում է քեզ հավիտյան գերի։

Ի՞նչ է ընկերը և բարեկամը` նենգ ու դրուժան, չարակամ ու վատ։
Իմ հոգում մեռավ սիրո մի երկինք, մի վառ արեգակ, և սեր, և հավատ։

Բարեկամն ի՞նչ է - լավիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ,
Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա»։

Հինգերորդ սուրահ[խմբագրել]

  • Եվ ի՞նչ է փառքը. - այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կըբարձրացնեն,

Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կընետեն։

Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց,- լոկ ոսկուց-վախից հարգ են մատուցում,
Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում և քեզ հարվածում։

Եվ ի՞նչ է գանձը, որով հիմարը տիրում է մարդկանց, և հանճար, և սեր, -
Բյուրավորների քամված արյունը, մեռելների միս, որբի արցունքներ։

Ի՞նչ է ամբոխը - մեծ հիմարն է նա, ոգին հալածող և տարրը չարի
Բռնության խարիսխ, և՛ սուր երկսայրի, և՛ զայրույթի մեջ գազան վիթխարի։

Ի՞նչ է համայնքը - թշնամու բանակ և անհայտն այնտեղ անշղթա գերի,
Երբ է հանդուրժել հոգու թռիչքին և սլացումին վսեմ մտքերի։

Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լավն ու վատը - ահեղ խարազան,
Մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահավասար և միանման։

Ատում եմ, ավաղ, և հայրենիքը - պերճ արոտավայրը հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ։

Ի՞նչ է օրենքը, - մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,
Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան։

Ե՛վ իրավունքը, և՛ օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում,
Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում։

Յոթն անգամ ահա՛ ատում եմ, ատում իշխանությունը - սերունդներ լափող,
Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող։

  • Եվ ամեն ինչ է իշխանությունը - իրավունք, օրենք և արդարություն,

Նա ինքն է խիղճը և չարն ու բարին, իսկ դու գերեզման, դու` ոչնչություն։

  • Ապիկար մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին,

Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք - իշխել, խողխողել իր նմաններին։

Վեցերորդ սուրահ[խմբագրել]

  • Մարդիկ ի՞նչ են որ... դիմակված դևեր, ժանիքներ ունեն, անտես ճիրաններ,

Սմբակներ ունեն և որոճող են և նրանց լեզուն` թունավոր սուսեր։

Եվ ո՞վ են մարդիկ... աղվեսների հոտ, եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ,
Անկումիդ ուրախ, արյուններ լակող, գազան մանկասպան, և դահիճ, դահիճ։

Աղքատության մեջ` քծնի, վաճառվող, թշվառության մեջ` վախկոտ, դավաճան,
Հարստության մեջ` լկտի, չարախինդ, և վրիժառու, և ամբարտավան։

Զոհվում է լավը վատերի համար, և վատն ու չարը լլկում են, տանջում
Մի բուռ լավերին այս վատ աշխարհում, և կյանքի արտում որոմն է աճում։

Նզովում եմ ձեզ, հեռավոր մարդիկ, ձեր չարն ու բարին, կրոնները ձեր,
Որոնք միմիայն շղթա են կռում և ստրկության կոփում զնդաններ։

Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին` ազնիվ բարեհույս,
Ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ և պոռնիկին` կույս։

Մարդկային աշխարհ, արյան բաղանիք, ուր թույլն` հանցավոր և հզորն` արդար,
Ուր մարդը տխեղծ` ինչ որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նյութի համար։

Սոսկ շահի համար, շահին միշտ գերի, աստվածացնող թաթը եղեռնի,
Ահա մարդը միշտ - պատկերն Աստծու, սակայն իրապես վիժվածք շեյթանի։

Յոթերորդ սուրահ[խմբագրել]

  • -Սալամ քեզ, արև՛, շյուքըր բյուրաբյուր, դու Աստուց հզոր, դու կյանքի աղբյուր,

Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ, դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ։

  • Դու միակ բարի, դու միակ իմ սեր, դու միայն սուրբ, սուրբ, մայրական դու գիրկ,

Դու հավետ գթոտ, մահը խորտակող, դու գերահրաշ միակ գեղեցիկ։

Վերջին սուրահ[խմբագրել]

  • Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,

Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը...

Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝


Վիքիպեդիա
Վիքիպեդիա